Էքրեմ Իմամօղլու․«Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 11, 24News

.

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է տվել անգլիական Times թերթին և ընդգծել, որ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Միջանկյալ նշենք, որ Իմամօղլուն մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել, սակայն կարճ ժամանակ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները չեղյալ էին հայտարարվել։ 

Ընդդիմադիր թեկնածուն նշել է, որ հունիսի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին շրջելու է Ստամբուլի բոլոր թաղամասներում։

Նրա խոսքով՝ այս ընտրություններին  CHP֊ն ավելի լավ է պատրաստվում։ 

«Մարդիկ աղոթում էին, որ այդպիսի որոշում չընդունվեր, սակայն մենք պատրաստ ենք։ Փորձել եմ հույս ստեղծել, որպեսզի կարողանանք սկսել ժողովրդավարության համար մեր պայքարը»,֊ասել է նա։ 

Թեկնածուն փոխանցել է, որ արտասովոր հավատ է նկատում մարդկանց մոտ և  ինքն իրեն համարում է նրանց դեմքն ու ձայնը։ 

Թերթում ասվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները գրեթե ամբողջովին դուրս են մղվել լրատվական դաշտից, քանի որ մամուլի գերակշիռ մասը պատկանում է ներկայիս իշխանություններին։