Իսպիրյանի հետ անգամ չեմ խոսել, ծանոթ չենք․ Դանիելյանը պահանջում է հրապարակել տեսագրություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հասարակություն

«Ադեկվադ» նախագծի համահեղինակ Արթուր Դանիելյանը տեղյակ չէ՝ ինչ միջադեպ է տեղի ունեցել իր և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի միջև երեկ երեկոյան Կասկադում, ինչի մասին տեղեկություն է տարածվել ԶԼՄ-ում։ 24News-ի հետ զրույցում Արթուր Դանիելյանը նշեց, որ այսօր ամբողջ օրը փորձել է պարզել՝ այդ ինչ է տեղի ունեցել, որ իրենց խմբից ոչ մեկը տեղյակ չէ։

«Իսպիրյանը սկզբից ասել է, թե իր վրա հարձակվել են, հետո հերքել է՝ ասելով, որ չեն հարձակվել․․․ Ես հիմա արդեն պահանջում եմ, որ տարածեն տեսախցիկների ձայնագրությունը։ Քաղաքի այդ հատվածում յուրաքանչյուր քառակուսի մետրը տեսահսկվում է»,-ասաց նա։

Նշենք, որ Արթուր Իսպիրյանն այսօր լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Կասկադում երեկ երեկոյան իրեն են մոտեցել մի խումբ անձինք ու սպառնացել, որոնցից մեկին Իսպիրյանը ճանաչել էր և տեղեկացրել, որ նա Նարեկ Մալյանի հետ հաղորդում վարողներից մեկն է: Իսպիրյանը հրավիրել էր ոստիկանություն, որից հետո պարզվել էր, որ Իսպիրյանի նշած անձը՝ «Ադեկվադ» ՀԿ-ի և SutNikol ակցիայի հեղինակ Արթուր Դանիելյանն է։ 

Արթուր Դանիելյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ ինքը երեկ երեկոյան իսկապես եղել է Կասկադում, նախ ճաշել, իսկ հետո քայլել ընկերների հետ։

«Արթուր Իսպիրյանին տեսել ենք իր երեխաների հետ սրճարանում, բայց չենք էլ խոսել, որովհետև ես այդ մարդու հետ ծանոթ էլ չեմ»,-ասաց նա։

Արթուր Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ ոստիկանությունից ծանուցագիր չի ստացել, սակայն եթե հրավիրեն էլ, չի գնա։

24News-ը միջադեպի մասին փորձեց տեղեկություն ստանալ նաև ավագանու անդամից, սակայն վերջինս թեև պատասխանեց զանգին, սակայն խոսել չցանկացավ՝ նշելով, որ ոստիկանությունում մանրամասն պատմել է ամեն ինչ և այլևս չի ցանկանում այդ մասին խոսել։

Տեսանյութեր

Live

Լրահոս