Տիգրան Աթանեսյանը հերթական հայցն է ներկայացրել ընդդեմ Փաստաբանների պալատի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, 24News

Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հերթական քաղաքացիական հայցն է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի։

Փաստաբանը պահանջում է անվավեր ճանաչել փաստաբանների պալատի նախագահի 2018թ. հունիսի 6–ի՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը։

Նշենք, որ հենց այս վարույթի հարուցման արդյունքում պալատը որոշում էր կայացրել դադարեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը։

Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Նշենք, որ նույն դատավորն է քննում նաև Տիգրան Աթանեսյանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին ՀՀ փաստաբանների պալատի որոշման դեմ ներկայացված հայցը։

NEWS.am–ի հետ զրույցում Աթանեսյանի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը նշեց, որ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքով կարգապահական վարույթ հարուցելու որոշումը բողոքարկելու կարգ նախատեսված չէ, սակայն քննարկումների արդյունքում իրենք որոշել են դիմել դատարան՝ հարցի վերաբերյալ դատարանի դիրքորոշումն իմանալու համար։

«Օրենքում նշված է, որ կարող է վիճարկվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը, ինչն էլ մենք բողոքարկեցինք, սակայն դատաքննության արդյունքում վեճ առաջացավ, Փաստաբանաների պալատը դիրքորոշում հայտնեց, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը կարող է բողոքարկվել, ինչից հետո մենք որոշեցինք դիմել դատարան»,- ասաց նա։

Նշենք, որ 2018 թ. օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, քննելով քաղաքացի Վիլեն Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված կարգապահական գործը, որոշել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Աթանեսյանը մեղավոր էր ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջների խախտման համար. արդյունքում դադարեցվել էր փաստաբանի արտոնագրի գործողությունը։ Այս որոշման համար առիթ էր հանդիսացել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում Տիգրան Աթանեսյանի կատարած գրառումը, որը պալատի խորհուրդը գնահատել է իբրև վիրավորական։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս