Մանվել Գրիգորյանի ոտքերի 90 %-ը դարձել է անզգա, նրա մոտ գանգրենա է առաջանում․ պաշտպան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

Մանվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Պաշտպանը նշել է, որ հետազոտությունների արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել, այդ թվում՝ շաքարային դիաբետ, սրունքների զարկերակների նեղացում, ողնաշարի ախտահարում, զարկերակային հիպերտենզիա, խրոնիկ սրտային անբարարություն, երիկամների խրոնիկ հիվանդություն և այլն։ Բժիշկներն անձանագրել են, որ հիվանդը մշտապես կարիք ունի սրտաբանի, ուռուցքաբանի, էնդոկլինոլոգի և նրան պետք է շուրջօրյա  թթվածին տրամադրվի։

Լևոն Բաղդասարյանը նաև նշել է, որ Գրիգորյանի ոտքերն այտուցված են, ոտքերի 90 տոկոսը դարձել է անզգա, և նրա  մոտ գանգրենա է առաջանում։ Բացի դրանից՝ Գրիգորյանն օրական ստանում է 120 միավոր ինսուլին։ Նման պայմաններում պաշտպանը միջնորդել է անհապաղ վերացնել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, իսկ դրա անհնարինության դեպքում Գրիգորյանի նկատմամբ 10 մլն դրամի չափով գրավ կիրառել։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Նա մեղադրվում է 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։