Պետք է հաշվի առնենք Հայաստանի, Արցախի, աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի տեսակետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

ՀՀ նախագահի նստավայրում այսօր`հուլիսի 11-ին, հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երեւանի ամառային մասնագիտական փորձառության եւ «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը եւ այլն:

«Մենք պետք է զարգացման տեսլական ունենանք՝ ուր ենք գնում, ինչ ուղղությամբ պետք է զարգանանք»,- ասել է նախագահը:- Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ 30 կամ 50 տարի հետո, մենք պետք է վերլուծենք, թե աշխարհը 30 կամ 50 տարի հետո որտեղ է լինելու: Մեր երկրի զարգացումը պետք է լինի այդ համատեքստում: Ուստի մեր առաջին քայլը պետք է լինի վերլուծել, հասկանալ, թե աշխարհը որ ուղղությամբ է առաջ ընթանալու, երկրորդը՝ որտեղ ենք մենք ուզում լինել այդ զարգացման համատեքստում, հաշվարկել, թե ինչ պետք է անել մեզ համար ցանկալի տեղում հայտնվելու համար: Սա կոչվում է տեսլական, բայց մինչեւ տեսլականը մենք պետք է վերլուծենք, մենք պետք է ունենանք նպատակ,- ասել է նախագահը: - Տեսլական ունենալը բավարար չէ, այն կարող է ընդամենը երազանք մնալ, եթե չունենանք ռազմավարություն, չունենանք դրանից բխող գործողությունների ծրագիր, որի իրականացումը մեզ կմոտեցնի մեր տեսլականին»:

Ընդհանուր տեսլական ունենալու համար Արմեն Սարգսյանը կարեւոր է համարել երկխոսությունը. «Մեզնից յուրաքանչյուրն ունի տեսլականի մասին իր պատկերացումները, ու շատ կարեւոր է դրանք միմյանց փոխանցելը, որպեսզի ընդհանուր տեսլական ունենանք: Այս փուլում մենք պետք է երկխոսենք, սկսենք գաղափարներ փոխանակել, հաշվի առնել ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի տեսակետը: Դա կլինի տեսլական հատուկ Հայաստանի համար, որը կարող է տարբերվել մյուս երկրների տեսլականից, քանի որ մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ, եւ մենք յուրօրինակ ցանց ունենք, որը հսկայական արժեք ու առավելություն է ժամանակակից աշխարհում: Այնպես որ, պետք է կարողանանք մեր առավելությունն օգտագործել հաջողության հասնելու մեր մոդելում, մեր ռազմավարության մեջ»: Նախագահի խոսքով՝ մեր ունեցածը պարզապես ցանց չէ, մեզ միավորում են մեր ինքնությունը, պատմությունը, ընտանիքը, մշակույթը եւ առաքելությունը:

Առաջ շարժվելու համար նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել մի շարք ոլորտներում (այդ թվում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ) հաջողություն գրանցելը. «Մենք պետք է փորձենք լավագույն արդյունքն ունենալ, պետք է փորձենք լինել լավագույնը»:

Դիմելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախագահն ասել է. «Հայաստանում պետք է ամեն ինչ անենք, որ դուք ձեզ զգաք ձեր տանը, ուր դուք կարող եք վերադառնալ ամեն պահի, աշխատել, ունենալ ձեր ներդրումը: Եվ դրա համար խոչընդոտներ չպետք է լինեն: Հայաստանը դիտեք որպես ձեր տունը, ձեր երկիրը: Բայց դուք պետք է լինեք նաեւ ա՛յն երկրի լավագույն քաղաքացիները, որտեղ ապրում եք: Այնպես որ, մաղթում եմ, որ ոչ միայն ձեզ զգաք ձեր տանը, այլեւ՝ զգաք ձեզ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը»: