Իջևանում կատարվածը մի քանի անձանց պրովոկացիան էր․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

«Իջևանում կատարվածը մի քանի անձանց պրովոկացիան էր, ոչ թե ժողովրդի ձայնը»,- այսօր Իջևանում Տավուշի մարզպետի ու իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումից հետո հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

«Համոզված եղեք՝ վառելափայտի բիզնեսի տերերը բացահայտվելու են, խորը քննություն է տարվելու։ Իսկ կառավարության նիստի ժամանակ հնչեց մարդկանց քանակ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել երեկվա դեպքերին։ Նրանցից կարծեմ 19-ը բերման են ենթարկվել, մնացածը, որոնք թաքնվում են, կամ կգան ինքնակամ կներկայանան, կամ էլ մեզ համար դժվարություն չէ իրենց գտնելը, կհայտնաբերվեն ու կկանգնեն օրենքի առաջ»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ անտառները պետք է ավելի արդյունավետ օգտագործվեն, ոչ թե միայն որպես վառելափայտ։

«Առաջին՝ մեր անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, ու թույլատրել կազմակերպել զբոսաշրջային տարածքներ, երկրորդ՝ այն թափուկը, որն իսկապես անհրաժեշտ է մարդկանց տունը ջեռուցելու համար մարզպետարանի կամ համայնքի ղեկավարների միջոցով պետք է բաժանվի մարդկանց։ Բայց հարցը պետք է կարգավորի պետությունը՝ որոշ մարդկանց միջոցով հավաքելով այն»,-ասաց նա։

ԱԱԾ տնօրենն հիշեցրեց, որ վերջերս իրենք բոլոր անտառապատ տարածքներում իրականացրել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հարուցված են քրեական գործեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news