Դատավոր Բեկթաշյանը «պատշաճ ջանասիրությամբ» խոչընդոտում է արդարադատությանը․ հաղորդում

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

Զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այդ գործով դատավոր Արմեն Բեկթաշյանի անգործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։

Փաստաբանը նշել է, որ 100-ից ավելի դատական նիստ է նշանակվել այս գործով, որոնց գերակշիռ մասը դատավորի բացակայության հիմքով չի կայացել։ Պապիկյանի պնդմամբ, դատավոր Արմեն Բեկթաշյանը «պատշաճ ջանասիրությամբ» խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։

Դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանն առանց որևէ օրինական պատճառի կամ հիմքի դատական նիստեր չկայացնելու ձևով միջամտելու մասին փաստաբանի ներկայացված հաղորդման մեջ նշվում է.

«Հարգելի՛ պարոն Դավթյան

Թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործը դատավոր Արմեն Ժորայի Բեկթաշյանի որոշմամբ վարույթ է ընդունել 2016 թ. նոյեմբերի 14-ին և դատական քննություն է նշանակել 2016 թ. դեկտեմբերի 2-ին։

Շուտով կլրանա գործի դատական քննության 3 (երեք) տարին։ Դատավորը նշանակել է 100-ից (մեկ հարյուր) ավելի դատական նիստեր, որոնց զգալի մասը չի կայացել։ Վերջին դատական նիստը կայացել է 2019 թվականի հունիսի 14-ին, որին հաջորդող 6 (վեց) ուրբաթ օրերին (դատական քննության/նիստերի օր է սահմանված յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը) հնարավոր նիստերը չեն կայացել, և դրանց չկայանալու/հետաձգվելու մասին տեղեկացվել ենք հեռախոսազանգի միջոցով։ Նիստերի չկայանալու կամ դրանց հետաձգումների մասին որևէ ողջամիտ կամ ոչ ողջամիտ պատճառաբանություն չի ներկայացվել։

Այդ ամբողջ ընթացքում պաշտպանյալս՝ Արթուր Վարդանյանը եղել է կալանքի տակ։ Հարկ եմ համարում նշել, որ Ա. Վարդանյանի կալանքը (ազատությունից զրկվելը) սկսվել է նախաքննության առաջին օրից՝ 2015թ. նոյեմբերի 25-ից (շուրջ 4 տարի)։
Վերջին դատական նիստից՝ 2019 թ. հունիսի 14-ից հետո, Ա. Վարդանյանը կալանքի հիմնական մասն անց է կացրել 2 քաղաքացիական հիվանդանոցներում։

Կալանքի նախորդ ժամանակաշրջանում ևս Վարդանյանը բազմաթիվ անգամ բուժման նպատակով քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել և տևական ժամկետներով բուժումներ ստացել է քաղաքացիական հիվանդանոցներում։

Անառարկելի է, որ պաշտպանյալիս առողջական վիճակը բարվոք չէ։ Նա կալանքի ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, դրանց մի մասը կրում են խրոնիկական բնույթ, և նրա կալանքի կրման յուրաքանչյուր օրն այդ համատեքստում կրում է խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի բացահայտ բնույթ։

Սույն գործով անձի նկատմամբ կիրառվող շարունակական խոշտանգման դադարեցման և անդառնալի հետևանքների կանխման իրավասու մարմինը դատարանն է (դատավոր Արմեն Բեկթաշյանը), որը ենթադրաբար կարող է կատարվել դատական նիստ իրականացվելու դեպքում։

Թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործի քննության նպատակը, որով պաշտպանյալս ունի ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, արդարադատության իրականացումն է։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:

Սույն գործով որպես դատարան հանդես է գալիս դատավոր Ա. Բեկթաշյանը, ով պարտավոր է իրականացնել արդարադատություն։ Դրա կատարման սահմանադրական և քրեադատավարական միակ ձևը դատական նիստերի և/կամ այլ դատավարական գործողությունների կատարումն է, ինչը փաստացի չի կատարվում, կամ որ նույնն է՝ չի իրականացվում արդարադատություն։ Ընդ որում դա չի իրականացվում ակնհայտ անհիմն, արդարադատության և անձի նկատմամբ ընդգծված անհարգալից ձևով, սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումով։

ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք։

Թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործի քննության ընթացքում շարունակաբար (տևական ժամանակ) դատարանի գործառույթները՝ արդարադատության իրականացումը չի ապահովվում դատավոր Բեկթաշյանի կողմից։ Վերջինս առանց որևէ պատճառի կամ հիմքի, այն է՝ կամայականորեն դատական նիստեր չկայացնելու ձևով միջամտում է արդարադատության իրականացմանը, այդ միջոցով նպատակ հետապնդելով խոչընդոտել դատարանի գործունեությանը։ Հետևաբար, դատավորի գործողություններում առկա է օրենքով չթույլատրված արարք։

Հանդես գալով որպես դատարան, սակայն փաստացի հրաժարվելով արդարադատության իրականացումից, դատավոր Ա. Բեկթաշյանն ուղղակիորեն նպաստում է Արթուր Վարդանյանի առողջական վիճակի էլ ավելի վատթարացման, նրան զրկում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքից, «նպաստում է» դատարանի և դատական իշխանության նկատմամբ հանրային բացասական կարծիքի խորացմանը, պարարտ հող է նախապատրաստում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նոր պարտությունների արձանագրման համար։

Որքան էլ, որ տարօրինակ կամ անսովոր հնչի, փաստ է, որ արդարադատության իրականացմանն իր գիտակցված գործողություններով խոչընդոտում է այն պաշտոնյան, ում բացառիկ իրավասությունն է դրա ապահովումը։ Երբ դատավորը կամայականորեն տևական ժամանակ նիստեր չի հրավիրում, նշանակված նիստերը հետաձգում է հեռախոսազանգի միջոցով, և այդ ամենը կատարում է առանց որևէ ողջամիտ կամ ոչ ողջամիտ հիմնավորումների, հաշվի չի առնում ՀՀ սահմանադրությունը և քրեադատավարական օրենքը, ապա դա խոչընդոտելու միջոցով միջամտություն է արդարադատության իրականացմանը։

Վերը ներկայացվածի հիման վրա միջնորդում եմ՝ ստանալ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը՝ թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործը քննող դատավոր Արմեն Ժորայի Բեկթաշյանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը առանց որևէ օրինական պատճառի կամ հիմքի դատական նիստեր չկայացնելու ձևով միջամտելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

Ա. Պապիկյան, Արթուր Վարդանյանի պաշտպան»։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս