ԼՀԿ-ի համար անակնկալ չի եղել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու որոշումը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Էդմոն

Անակնկա՞լ էր Մարուքյանի համար Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու որոշումը: Հարցին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սպասելի է եղել, որ պետք է լինի որոշակի գործունեության փոփոխություն՝ նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ կապված: Այսինքն` ակնկալել ենք, և նա իր հայտարարությամբ հանդես է եկել: Մենք նստաշրջան ենք սկսում, և ճիշտ կլինի, որ խմբակցությունը ցանկացած հարցում լինի միասնական:  Սա քաղաքական խնդիր է, որևէ կերպ թույլ չեմ տա, որ տեղափոխեն անձնական դաշտ»,-ասել է Մարուքյանը, ապա հավելել, որ ակնկալում է՝ Բաբաջանյանը մանդատը կվերադարձնի։

«Խորհրդարանական կառավարման երկրում ցանկացած ուժ ձայներ է հավաքում իր ծրագրերի, իր գաղափարների և արած քարոզարշավի արդյունքում: Եվ մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ»,-ասել է  Մարուքյանն ու նշել՝ մի մանդատի նվազելը նշանակում է, որ ծրագրի գեներացման համար մանդատ է նվազում:

Ըստ Մարուքյանի՝ երբ ԱԺ-ն սկսի Կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի քննարկումները, իրենք հանդես կգան առաջարկներով, որ կուսակցության՝ քաղաքական ուժի միջոցով մանդատ ստանալուց հետո, երբ անհամաձայնություններ լինեն, դա չվնասի այդ ուժին, և խմբակցությունից դուրս գալով՝ մանդատները չնվազեն:

Ըստ Մարուքյանը՝ Արման Բաբաջանյանի հետ ունեցել է միայն մեկ անհամաձայնություն՝ ՍԴ-ի հարցով, բայց խմբակցության ղեկավարը միևնույն ժամանակ նա նորմալ է համարել, որ խմբակցություններում կա բազմակարծություն, սակայն  նաև նկատել է, որ եթե ընդունվում է որոշում, բոլորը դա կատարում են: