Հայաստանում ավելացել է զբոսաշրջային այցելությունների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

/

Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է շուրջ 12.3 տոկոսով: Երկրի ճանաչելիության բարձրացման համար նախաձեռնվել են մարքեթինգային միջոցառումներ, որի արդյունքում Հայաստան են ժամանել մի շարք լրագրողներ և բլոգերներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն առայժմ ամփոփված է միայն կիսամյակային կտրվածքով։ Այն կազմել է 770 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 12.3 տոկոսով»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ ճանաչողական այցով Հայաստան են ժամանել Շվեյցարիայի Լրագրողների ասոցիացիայի թվով 17 ներկայացուցիչներ, որոնց այցի արդյունքում Հայաստանի մասին 30-ից ավելի հոդվածներ են հրապարակվել։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այդ հատվածում զբոսաշրջիկների համար նոր ճանաչողություն է ավելացել Հայաստանի առնչությամբ:

Խաչատրյանը նշեց նաև առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստի մասին: Նախարարի դրանում մի կարևոր հանգամանք նշեց: «Դա «UnionPay» վճարային համակարգի կիրառելիության համար բավարար պայմանների ստեղծումն է Հայաստանում: Երբ մենք դա անենք, էապես կբարձրացնենք չինացի զբոսաշրջիկների՝ Հայաստանում գտնվելու հարմարավետությունը: Դա Չինաստանում ամենատարածվածն է, և գործնականում միակը, որը չինացի զբոսաշրջիկները կարող են օգտագործել դրսում գտնվելու ընթացքում»,-ասաց նա ու նշեց՝ կարծում է, որ դա էապես կնպաստի չինացի զբոսաշրջիկների թվի ավելացմանը: