ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրն անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հակում է ունեցել: Այս մասին ՌԲԿ-ին ասել է Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
Աղբյուրի հավաստմամբ փաստաթղթի իսկությունը հաստատել է նաեւ փաստաբան Յուլիա Նիտչենկոն:
«Փորձաքննության արդյունքները պետք է ազդեցություն ունենան դատարանի որոշման վրա: Մենք ողջ ընթացքում խոսել ենք այդ մասին, եւ փորձաքննությունը հաստատել է, որ հոր կողմից բռնություն է գործադրվել աղջիկների նկատմամբ, եւ նրանք ինքնապաշտպանվել են»,- ասել է Լիպցերը:
Փորձաքննության տվյալների համաձայն՝ Խաչատուրյանն անձի խառը տիպի խանգարում ուներ:
«Նա ստորացրել, սպառնացել, կոպիտ վերբալ եւ ֆիզիկական (զենքի տարբեր տեսակների կիրառմամբ) ագրեսիա (ծեծ, ծաղրանք) ցուցաբերել աղջիկների նկատմամբ: Բացի այդ, Խաչատուրյան Մ.Ս.-ն տարիներ շարունակ ֆիզիկական եւ սեռական բռնության է ենթարկել Խաչատուրյան Մ.Մ.-ին, Խաչատուրյան Ա.Մ.-ին եւ Խաչատուրյան Ք.Մ.-ին»,- ասվում է փաստաթղթում:
Եզրակացության մեջ նշվում է Խաչատուրյանի մոտ էֆեբոֆիլիայի՝ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հակման մասին: