Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստի ժամանակ դատավորը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար հետազոտման և անհրաժեշտության դեպքում վիրահատության համար տեղափոխվել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվել է պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն կարո՞ղ են հաղորդել:

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է՝ հարցում են ուղարկել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետաքրքրվելով հնարավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի այս դատական նիստին, առհասարակ՝ առողջության դինամիկան ինչպիսի՞ն է, և բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանից ստացել է հետևյալ պատասխանը. «Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն ընդունվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ ստացիոնար բուժման՝ 08.10.2019 թ., վիրահատվել է 09.10.2019 թ.,  ներկայում հետվիրահատական վերականգնողական բուժումը շարունակվում է, առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված վերականգնողական բուժման ընթացքից և արդյունավետությունից) նրա մասնակցությունը դատական նիստերին դեռ հնարավոր չէ»:

Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ 13։00-ին։

Դատական նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով:

Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: