25-ամյա ոստիկանի վիճակը բավարար է, 2-3 օրից դուրս կգրվի․ «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

վիրավոր

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մամուլի խոսնակ  Ծովինար Խաչատրյանը տեղեկացնում է․ «Հարգելի՛ գործընկերներ, ի պատասխան Ձեր անհանգստությունների և զանգերի, ասեմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում առավոտյան 5-ից գտնվող 25-ամյա ոստիկանի վիճակը բավարար է: Նա քայլում է: Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու նրա` չնկարահանվելու խնդրանքին: Բուժող բժիշկն ասաց, որ 2 կամ 3 օրից դուրս կգրվի: Նրան քիչ առաջ այցելել էր ոստիկանապետը»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմանում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ 

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։

Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքից  Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։