Զոհված ոստիկանը պարտադիր պետք է պարգևատրվի․ Արման Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյաը գիշերը վիրավորում ստացած ոստիկանին այցելելուց հետո հարցազրույց է տվել լրագրողներին՝ հայտնելով, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն։

Արման Սարգսյանը պատմել է նաև դեպքի մանրամասները, համաձայն որի՝ ոստիկանության ծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս տեսնում են կասկածելի անձանց, և երբ մոտեցել են նրանց, վերջիններս դիմել են փախուստի։

«Մեր ոստիկանները հետապնդել են նրանց, կարողացել են մեկին  բռնել, 2-րդը անսպասելի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման խաչմերուկում մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա եւ փորձել ազատել իր բռնված ընկերոջը։ Որոշակի քաշքշուկի ընթացքում կարողացել է մեր ոստիկանի ատրճանակը պոկել եւ արձակել կրակոցներ»,-պատմել է Արման Սարգսյանը, ապա նշել, որ զոհված ոստիկանի կենսական օրգան է վնասվել։ Դեպքի վայրից 2 ոստիկանները հասցրել են կապ տալ իրենց գործընկերներին, արագ մոտեցել են իրենց, սակայն Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել։

Արման Սարգսյանը նաև հավաստիացրել է, որ զոհված ոստիկանի ընտանիքին օժանդակելու են։

«Պատրաստվում ենք պետության ողջ հնարավորության չափով օժանդակել մեր գործընկերոջը, մեր բարոյական պարտքն է նաեւ փառաբանել նման անձանց, որ իրենց ընտանիքի անդամները և իր մյուս գործընկերները գիտակցեն, որ նա խիզախություն է գործել հանուն պետության, և պետությունն էլ գնահատում  է նրանց վարքագիծը։ Պարտադիր պետք է պարգևատրվի»,-ասել է Արման Սարգսյանը։