Մամուլի ազատությունն այն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում․ Փաշինյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:

«Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է եւս մեկ անգամ արժեւորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը,  այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարեւորագույն գործում:

Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետեւողական է եւ շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի  մեր հայրենիքը հստակ եւ վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ՝ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցրել 61-րդ հորիզոնականը: 

Հարգելի՛ գործընկերներ, մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, եւ մենք  պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք եւ զարգացնենք այն:

Մեկ անգամ եւս  շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ եւ մաղթում  ստեղծագործական հաջողություններ, ազատ եւ անվտանգ գործունեություն: