Վանաձորցի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա հարձակում գործածներից 3-ը օրեր անց սպանվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հոկտեմբերի 30-ին shamshyan.com-ը «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի մասնակցությամբ վիճաբանության տեսանյութ էր հրապարակել։ Միջադեպը տեղի էր ունեցել Վանաձորում:

Տեսանյութի հրապարակումից հետո ոստիկանությունը հայտնաբերել է տեսանյութում մասնակիցներին․ նրանք են Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ, 27-ամյա Արսեն Ջիլավյանը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Թադևորսյանը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 25-ամյա Գնել Գրիգորյանը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ վերոնշյալների թվում են եղել նաև այս տարվա հոկտեմբերի 4-ին Վանաձորում սպանված, Վանաձորի Զաքարյան փողոցի բնակիչներ, եղբայրներ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա Գոռ Գրիգորյանը:

Պարզվել է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայի 71 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» կոչվող խանութի մոտ, իսկ նշված խանութը պատկանում է վիճաբանության մասնակից, Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարար Դավիթ Խաչատրյաին:

Դեպքի փաստով հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ աղբյուրը ներկայացրել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Վանաձորում մի քանի քաղաքացիներ հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա։ Հարձակվողներից մեկը շաբաթներ առաջ Վանաձորում հայտնի «ռազբորկայի» ժամանակ սպանված Անդրանիկ Օհանյանն էր:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմանում, Բագրատաշենի սահմանային անցակետից փախուստի փորձ կատարելիս հայտնաբերել և ոստիկանության Լոռու մարզային վարչություն էր բերման ենթարկվել Վանաձորի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բարոյանը, որը փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ հոկտեմբերի 4-ին, Վանաձորի Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղային մասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 քաղաքացու ուղղությամբ ու դիմել փախուստի:

Աղբյուրը նաև նշում է, որ Տիգրան Բարոյանը նույն սպանության գործով կալանավորված Հակոբ Գրիգորյանի քրոջ տղան է և աշխատում է «Ջիլիզայի» անտառտնտեսությունում: