46 երթուղայինից ուղևորի պայուսակից դրամապանակ գողացած 41-ամյա սարիթաղցին բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց:

Առաջին գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր օպերատիվ կառավարման կենտրոնից նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում. թիվ 46 երթուղու ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, նույնականացման և բանկային քարտեր:

Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սարի թաղի 41-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 4-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Մյուս դեպքը դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17-ի սահմանում, Էրեբունու վարչական շրջանում էր կատարվել: Տիգրան Մեծի պողոտայում մի կնոջ պայուսակից դարձյալ դրամապանակ էին գաղտնի հափշտակել, որի մեջ եղել էին փող, նույնականացման, բանկային, ու կուտակային քարտեր: Ժամը 20-ին մասնագիտացած ստորաբաժանման ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:

Դեպքերի փաստով նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս