Չեք գտնի աշխարհում որևէ դատարան, որի կազմը ամբողջովին միանգամից փոխվում է․ նախկին նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հանրաքվե դավիթ հարությունյան

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին, կարծիք է հայտնել, որ տպավորություն ունի, թե դրված է գերխնդիր՝ ունենալու հլու և հնազանդ ՍԴ, և այդ խնդիրը լուծելու փորձերը ստիպում են մարդկանց անել հապճեպ, չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ խնդիրներ դեռևս կառաջացնեն Հայաստանի համար։

«Իհարկե, եվրոպական կառույցին անդամակցելը, լինելը ավելի մեծ ընտանիքի անդամ ենթադրում է խաղի որոշակի կանոններ, որը երկիրը կամովին է ստանձնել, ու այդ խաղի կանոնները չպահպանելը այդ կառույցներում, անշուշտ, սասանելու է մեր հեղինակությունը, բայց կարծում եմ՝ ամենալուրջ խնդիրը դա չէ։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք, շատ կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումն է եվրոպական կառույցներում։ Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է և եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական է, այն հղի է այնքան լուրջ վտանգներով, որ մենք այսօր կարող ենք անգամ չգիտակցել»,-ասել է Դավիթ Հարությունյանը։

Ըստ նախկին նախարարի՝ եթե հանրաքվեի արդյունքում ՍԴ 7 դատավորների պաշտոնավարումը դադարեցվեց, մենք դեռ երկար ժամանակ տեսնելու ենք դրա բացասական հետևանքները։

«Եթե այս հանրաքվեն պսակվեց այն արդյունքով, որ ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը և նշանակվեն նոր դատավորներ, ապա մենք տասնամյակներ դեռ ճաշակելու ենք բացասական արդյունքը։ Ինչո՞ւ, որովհետև ուղիղ 12 տարով են նոր դատավորները նշանակվում, և ուղիղ 12 տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի ամբողջ դատարանի կազմը, կհայտնվեն 12 նոր դատավորներ՝ ընտրված օրվա քաղաքական մեծամասնության կողմից։

Դուք չեք գտնի աշխարհում որևէ դատարան, որի կազմը ամբողջովին միանգամից փոխվում է։ Չեք գտնի մեկ պատճառով, որովհետև դա ստեղծում է ոչ միայն անկայություն, գալիս են բացարձակապես ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող անձինք»,-ասել է դավիթ Հարությունյանը, ապա նշել, որ դատական իշխանության առանձնահատկությունը հենց դա է․ անդամները փոխվում են ժամանակի ընթքացքում, միանգամից երևբևէ չեն նշանակվում, ոպեսզի կարողանան բալանսավորում ապահովել։