Դանակահարություն՝ «Ռիո Մոլ»-ի մոտակայքում․ 2 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

դանակ

Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրնց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գոռ Գ․-ն և 17-ամյա Գուրգեն Ի․-ն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից Գուրգեն Ի․-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ Գոռ Գ․-ն գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Փափազյան 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնից տարածքից։

Պարզվել է՝ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմանում, նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Գոռ Գ․-ի և Գուրգեն Ի․-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Արման Ս․-ն, 16-ամյա Ալբերտ Ս․-ն, 16-ամյա Համլետ Մ․-ն և 18-ամյա Մանուկ Մ․-ն, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկության, Ալբերտ Ս․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ․-ին և Գուրգեն Ի․-ին։

Ըստ աղբյուրի՝ նշված անձանցից Ալբերտ Ս․-ն և Արման Ս․-ն ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։

Արաբկիրի ոստիկաննեչրը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը նաև նշում է, որ վիրավորները սովորում են Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջում, իսկ կասկածյալներից Արման Ս․-ն և Ալբերտ Ս․-ն սովորում են «Հայբուսակ» համալսարանում։