Լավրովը Չավուշօղլուից պահանջել է ապահովել լրագրողների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

Լավրով- Չավուշօղլու

Ռուսաստանում մեծ աղմուկ են հանել «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության աշխատակիցների ձերբակալությունները։  Նախօրեին թուրքական իրավապահ մարմինները բերման են ենթարկել հիշյալ լրատվամիջոցի թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Մահիթ Բոզթեփեին և 3 աշխատակցի։ Վերջիններս ցուցմունք տալուց հետո որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։ Գրել է Ermenihaber-ը։

Մինչև այդ էլ անհայտ անձինք ներխուժել էին «Sputnik»-ի թուրքական ծառայության նույն այդ աշխատակիցների բնակարաններ։ Հարձակվողները հնչեցրել էին ազգայնական բնույթի վանկարկումներ։ 

Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Իդլիբի հարցով ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին։

Տեղի ունեցածի շուրջ կայացել է հեռախոսազրույց Թուրքիայի և Ռուսաստանի արգործնախարարների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրքական կողմից պահանջել է միջոցներ ձեռնարկել «Sputnik»-ի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ 

Թուրքական որոշ կայքեր էլ փորձել են պարզել, թե որն է եղել լրագրողներին բերման ենթարկելու պատճառը։ Որոշ լրատվամիջոցներ առաջ են քաշում վարկած, ըստ որի՝ բերման ենթարկելու պատճառը «Sputnik»-ում հրապարակված «Գողացված նահանգ. ինչո՞ւ Ֆրանսիան 80 տարի առաջ Թուրքիային հանձնեց Սիրիայի տարածքը» վերնագրով հոդվածը:

Խոսքն Ալեքսանդրետի (ներկայումս Հաթայ) նահանգի մասին է, որն այժմ Թուրքիայի կազմի մեջ է։ 

Նշենք, որ Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումն է (այժմ Թուրքիայի Հաթայ նահանգը)։

Որպես Սիրիայի մի մաս՝ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918թթ. Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918-ի նոյեմբերին այն օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920թ. Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։

1937-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938-ին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավարությունը։ 1939-ի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս