Թուրքիայի լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան հարցի կարգավորումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով` Թուրքիան, բացի վնասից, այլ ազդեցություն չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին Հայրապետյանը նշեց ՀՀ Ազգային ժողովի մարտի 3-ի նիստի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:

«Այս հանդիպումը ոչ առաջինն է, ոչ էլ վերջին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Թուրքիան, որպես ԵԱՀԿ անդամ երկիր, միշտ էլ փորձել է ներգրավված լինել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, որը նրան չի կարող հաջողվել: Թուրքիան ունի հստակ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշում իր բոլոր հայտարարություններ ու գործելաոճով: Լուծման գործընթացում, եթե ուզում է իսկապես ներդրում ունենալ, լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ Ղարաբաղյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից, որովհետև դրանց բացի վնասից այլ ազդեցություն Թուրքիան ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը: