Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Վիտալի

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի և համանախագահների հանդիպմանը: Նա մասնավորապես նշել է, որ մեր բոլորիս խնդիրը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ապահովելը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Հայտարարությունը՝ ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ, մարտի 2-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին Անկարա, որտեղ հանդիպում ունեցան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում:

Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ապահովելը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

Իմ առաքելությունը տեսնում եմ այս խնդիրների լուծման գործում»։