Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից և խոստովանեց, որ 2 սխալ է թույլ տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մարտի 11-ին Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին և ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից:

«Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյոք ես այդ քաղաքացուն՝ մեր սիրելի Մեխակ Առաքելյանին, ինչ-որ բան սխա՞լ եմ ասել  կամ արել: Երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը և թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: Ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել:

Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ և անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի: Մանավանդ ես համոզված եմ, որ մեր խոսակցության արդյունքում նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, և ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,-հայտարարել է վարչապետը:

Փաշինյանը նաև նշել է, որ իր պատկերացմամբ առողջ տղամարդն այնուամենայնիվ պետք է աշխատի և իր տան խնդիրը լուծի, թեև մյուս կողմից պետությունը պետք է աշխատելու հնարավորությունը ստեղծի, պետք է օգնի, որ աշխատողն ավելի մրցունակ լինի:

«Ենթադրենք մարդը գալիս ասում է՝ հաց չունեմ ուտելու, փող տվեք հաց առնեմ: Ասենք, հանեցինք մեկ միլիոն դրամ տվեցինք, էդ փողը սպառեց, հաց առավ կերավ, հետո ի՞նչ է լինելու: Էլի մեկ միլիոն տվեցինք, էլի, էլի, էդպես մինչև ե՞րբ, և էդպես քանի՞ հոգու: Ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի, որ մարդը զարգանա, ոչ թե ավելի խեղճանա»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշեցրել է, որ այդ նպատակով ստեղծվել է «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագիրը, որի շնորհիվ օգնություն է տրամադրվում այն մարդկանց, որոնք շուկայում մրցունակ չեն: Իրականացվում է «խելացի անասնագոմեր» ծրագիրը։

«Մենք հազար ընտանիքի ներգրավում ենք աղքատությունը հաղթահարելու ծրագրի մեջ: Մենք մարդուն կով ենք տալիս, որը հորթ ունենա, կերը տալիս ենք, անասնաբույժին վճարում ենք, որ կովին հետեւից, այդ քաղաքացիներին փող ենք տալիս, որ կովին պահի: Սա կարևոր պրոցես է, որ մարդը հաղթահարի աղքատությունը»,-ասել է Փաշինյանը: