Սիփան Փաշինյանն այցելել է կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին և օգնություն առաջարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

սիփան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն այցելել է կուրթանցի Մեխակ Առաքելյանին, որն օրեր առաջ Ստեփանավանում տան հարցով մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հայտնում է տեսանյութ է հրապարակել Հանրային հեռուստաընկերությունը։

«Ծանոթացել ենք Ձեր երեկվա հարցազրույցին, որտեղ ասում եք, որ վատառողջ եք։ Տեսանյութին ծանոթանալուց հետո մեր հայրենակիցներից տարբեր մարդիկ կապվել են իմ հետ, խնդրել են, որ այսօր գամ այստեղ: Մեր համաքաղաքացիները և արտերկրում ապրող հայրենակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնել Ձեզ։ Շատ չեմ մանրամասնի, անտեղի շահարկումներ թույլ չտալու համար, գիտեք, ընտրական պրոցեսի մեջ ենք», - ասել է Մեխակ Առաքելյանին այցելած Սիփան Փաշինյանը, և

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նաև նշել է, որ Առաքելյանին տրամադրվող օգնության մասին առավել մանրամասն կներկայացնի հանրությանը հանրաքվեից հետո, որպեսզի շահարկումներ չլինեն։

Նշենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Այո»-ի քարոզարշավի ժամանակ կուրթանցի երիտասարդին հանդիմանել էր, որ վերջինս, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։

«Ոտդ, ձեռդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պտի լուծես։ Պա՞րզ ա։ Եթե ոտ ու ձեռ ունեցող տղամարդը գալիս ասում ա՝ վարչապետ ջան, կամ առանց ջանի, ես տուն չունեմ, է ես էլ չեմ տուն ունեցել, ո՞րդից եմ տուն ստեղծել, աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը», - ասել էր Փաշինյանը։

Ավելի ուշ պարզվել էր, որ երիտասարդն իրականում առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։ Տեղեկանալով այց մասին՝ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ելույթներից մեկի ժամանակ ներողություն էր խնդրել երիտասարդից։