Նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Քոչարյանի ազատ արձակելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

քոչարյան պաշտպաններ դատ

ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու դատարանին։ Այդ մասին տեղեկացնում է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբը։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև»,- նշված է հանձնախմբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռոբերտ Քոչարյանին։