«Դու ո՞վ ես». ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց Էդմոն Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

էդմոն.

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: ԱԺ խոսնակն այդ մասին հայտնեց ապրիլի 15-ի նիստի ժամանակ:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատասխան կետի համաձայն՝ Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար »,-ասաց Արարատ Միրզոյանը:

Վիճաբանության առիթ դարձավ այն, որ ԱԺ-ն չընդունեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 34 պատգամավոր, դեմ՝ 79:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վարման կարգով նախագծի վերաբերյալ ելույթ խնդրեց, սակայն Էդմոն Մարուքյանը միջամտեց: Քանի որ առանց խոսափողի էր, կոնկրետ չլսվեց՝ ինչ էր ասում ԼՀԿ ղեկավարը, սակայն Արարատ Միրզոյանը հորդորեց՝ որքան էլ նյարդերը լարված լինեն, միմյանց հետ հարգալից խոսել, ապա հավելեց. «Ի՞նչ է նշանակում՝ դու ո՞վ ես»:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ դա է նշանակում…: Դրանից հետո ԱԺ նախագահը հայտարարեց նախազգուշացում:

Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Երեկ, երբ ամբիոնից նույն պատգամավորը ասում էր մանիպուլյատոր, ինչո՞ւ նկատողություն չէիք հայտարարում: Նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև Ձեր խմբակցությունի՞ց էր»։