Մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

հասարակական

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհավորել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Օրվա խորհրդին հետևելով՝ շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք իրենց սկզբունքային և հետևողական աշխատանքով ամենօրյա լրատվություն են տրամադրում հանրությանը։

Հայտնի ճշմարտություն է, որ ազատ խոսքն ու անկախ մամուլը մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից է, արժեքային այն հիմնասյունը, որի վրա խարսխված է ժողովրդավարությունը:

Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական ապագան անկասելի է, իսկ այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ են ազատ ու սկզբունքային լրատվամիջոցներ։

Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև ու վճռական կերպով կյանքի են կոչում իրենց առաքելությունը։

Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում այն մեծ ու անգնահատելի աշխատանքի համար, որը դուք իրականացնում եք ամեն օր։

Մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, մեծ տպաքանակներ եւ լայն լսարան: Առողջություն ձեզ եւ ձեր
ընտանիքներին։

Հ.Գ. Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու»: