Կավարտի լքված հանքի տարածքից վտանգավոր նյութերը Ողջի գետն են թափվում. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում, ըստ հրապարակման հեղինակի, աղտոտված Ողջի գետն է: 

«Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ ու նյութեր»,- տեսանյութին կից գրել է Վրեժ Դիլանյանը:

Տեսանյութի մասով «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը գրառում է արել, որը ևս ներկայացնում ենք ստորև.

«Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 18-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերեից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18թթ անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ․ այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1985 թ․ գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ․ Գևորգ եկեղեցու հետ:

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական Դինո Գոլդ Մայնինգ (ներկայումս Դանդի Փրիշս Մեթալս) ընկերությունը, շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է և այսպիսի վիճակում թողել մեզ»։