Չինաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիներ չկան. ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

կովիդ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը:

«Համաճարակի սկսվելուց ի վեր՝ դեսպանությունը դիմել է Չինաստանում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ խնդրելով տրամադրել իրենց տվյալները դեսպանության հետ մշտական կապի ապահովման նպատակով։ Թերևս առանձնակի ուշադրության կենտրոնում են պահվել համաճարակից առավել տուժած Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիները։ Այնուամենայնիվ, առ այսօր դեսպանությունը որևէ ահազանգ չի ստացել քաղաքացիների շրջանում վարակվածության դեպքերի վերաբերյալ։

Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է Չինաստանի միգրացիոն ծառայության հետ, որն առանձին հսկողություն է իրականացնում երկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների վրա։ Նշյալ մարմնից ևս որևէ տեղեկատվություն չի ստացվել  քաղաքացիների շրջանում վարակվածության դեպքերի վերաբերյալ։ Այսպիսով, կարող ենք նշել, որ Չինաստանի տարածքում որևէ ՀՀ քաղաքացի կորոնավիրուսով չի վարակվել»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով Չինաստանից Հայաստան ժամանել ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցին և հնարավոր չարթերային թռիչքի կազմակերպմանը՝ դեսպանը նշել է, որ նրանց թիվն այս պահի դրությամբ 10 հոգի է, և, հաշվի առնելով Չինաստանի աշխարհագրությունը, մեր քաղաքացիների սփռվածությունն ու հայրենիք վերադառնալ ցանկացողների քանակը, ինչպես նաև նշյալ հանգամանքներում ինքնաթիռի ցածր բեռնվածության տոկոսի պարագայում տոմսերի հնարավոր արժեքը, այդ գործընթացը փոքր-ինչ անտրամաբանական կլինի։

«Չվերթները հիմնականում կոմերցիոն բնույթ են կրում։ Այստեղ, թերևս, հարկ է նշել, որ Չինաստանում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիները ներկայացված են Չինաստանի գրեթե բոլոր նահանգներում, և, հաշվի առնելով երկրի մեծությունը, կարելի է պատկերացնել նրանց սփռվածությունը, հետևապես նաև նրանց մեկ տեղում հավաքելու տեխնիկական բարդությունը։ Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, ապա պետք է նշել, որ  համաճարակի ակտիվ շրջանում դեսպանությունը հարցում էր անցկացրել նրանց շրջանում, սակայն միայն 26 քաղաքացի էր ցանկություն հայտնել վերադառնալ հայրենիք։ Համավարակի պասիվ փուլում արդեն, առ այսօր դեսպանություն են դիմել ոչ ավելի, քան 10 հոգի»,- ասել է Մանասարյանը:

--00—ԼՄ