«Հայ ազգը հպարտ է իր հերոսով, ես՝ ջախջախված». Ուրֆանյանի մայրը այցելել է որդու դիրք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը այցելել է որդու մարտական դիրք: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում.

«Հարգելի՛ ընկերներ, երախտապարտ եմ, որ այս չորս տարիների ընթացքում եղաք իմ կողքին, շրջապատեցիք ինձ Ձեր ջերմ հոգատարությամբ ու ներկայությամբ:

1

Երբ կորցրի որդուս, երբ կյանքիս լույսն ու հույսը մարեց, ես կարողացա պահպանել իմ գոյությունը լոկ այն ուժի շնորհիվ, որն ուղղված էր իմ միակ նպատակի իրականացմանը՝ տեսնել տղայիս սխրանքը իրապես արժեվորված:

1

Որդուս հետմահու շնորհվեց Արցախի հերոսի կոչումը, որի առթիվ այսօր ինձ բոլորը շնորհավորում են: Իսկ ես շնորհավորում եմ Ձեզ: Հայ ազգը հպարտ է իր նոր հերոսով, ես՝ ջախջախված: Երեկ այցելեցի տղայիս մարտական դիրքը, որտեղ զոհվել է Արմենակն իր տղաների հետ: Զգացողությունս այնպիսին էր՝ կարծես գնում եմ որդուս մոտ, պիտի տեսնեմ նրան այնտեղ կանգնած՝ իր սովորական հզոր ու մարտական կեցվածքով: Բայց ես գտա իմ Արմենակի հիշատակը հավերժացնող հուշեր միայն, որոնք ամեն քայլափոխին էին: Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ: Իմ Արմենակը այլևս երբեք չի վերադառնալու տուն, իր հմայիչ ժպիտով չի ջերմացնելու կարոտից տառապող իմ հոգին...

1

Խաղաղություն Հայոց աշխարհին: Թող էլ երբեք ոչ մի մայր չզգա այն ցավը, ինչ զգում ենք մենք՝ որդեկորույս մայրերս»,-գրել է հերոսի մայրը:

Ավելի վաղ Համեստ Ուրֆանյանն այցելել է այն մարտական դիրք, որտեղ ծառայում էր որդին՝ Արմենակ Ուրֆանյանը:

1

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շներհվել: Պարգևը հանձնվեց հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին:

--00—ԼՄ