ԼՀԿ պատգամավորներն այցելել են Դաստակերտում տատի խնամքին մնացած 5 անչափահաս երեխաներին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

այց

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ ի դեմս ինձ և իմ գործընկեր ԱԺ պատգամավոր Ստեփան Ստեփանյանի, այցելեց Դաստակերտում տատի խնամքին մնացած անչափահաս 5 երեխաներին։

Պետք է ասեմ, որ շուրջ 10 օր է՝ որպես պատգամավոր խնդիրը գրավոր բարձրացրել եմ կառավարություն։ Մինչ այժմ ոչ մի արձագանք։ Անգամ գրավոր պատասխան չեմ ստացել: Դրան դեռ կանդրադառնամ։ Իսկ առայժմ երեխաները սննդի ու հագուստի կարիք ունեին։ Նաև դպրոցական իրերի։ Այդ ամենը մենք հաշվի էինք առել...

Մեզանից առաջ երեխաներին օգնության ձեռք մեկնել էր Սիսիանի համայնքապետարանը։ Տեղում մանրամասն ծանոթացանք առկա խնդիրներին։

Ամենափոքրիկը, որն առողջական լուրջ խնդիրներ ունի Սիսիանի ԲԿ ի ուշադրության կենտրոնում է։ Անհրաժեշտ բոլոր բուժումներն արվում են։ Ավելին, ԲԿ տնօրենն իր միջոցներով գնում և երեխային խնամողին է տրամադրում անհրաժեշտ մանկական կերը։
Այդուհանդերձ խնդիրները բազում են՝ սկսած կենցաղային պայմաններից մինչև հոգեբանական։

Երբ խոսեցի տատիկի հետ ու տեսա լույս-տղաների ու աղջիկների չընկված դեմքերը՝ հավատացի, որ հաղթահարելու են այս փորձությունն էլ։

Բայց մենք յուրաքանչյուրս անելիք ունենք, որպեսզի նման դեպքերը կրկնություն չունենան»։

--00--ԱԹ