ՀՀ-ում COVID-19-ի թվերի նկատելի աճ կա. ԱՆ-ն կոչ է անում չկորցնել զգոնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տաածել՝ կոչ անելով չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:

«Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ:

Այս օրհասկան պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր:

Սիրելի՛ ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Հարկ է հիշեցնել, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր թիկունքը»:

--00—ԼՄ