«Լքում եմ ՄԻՊ-ի պաշտոնը, ՄԻՊ-ի դիրքերը չեմ լքում». Արտակ Բեգլարյանը կաշխատի գործադիրում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

միպ

Արցախի օմբուդսմեն Արտակ Բելգլարյանը նախագահ Արայիկ Հարությունյանից առաջարկ է ստացել՝ գործադիր իշխանությունում աշխատելու։ Ասուլիսի ժամանակ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով առաջարկին, ասել է, որ դրա մասին երկար է մտածել, դժվար որոշում է եղել, բայց ընդունել է:

«Կարծում եմ, որ առաջարկված աշխատանքը իմ կարողություններին համապատասխան է։ Իմ կարծիքով գործադիր իշխանությունում և տվյալ պաշտոնում ես ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ կարգավիճակում, դրա համար որոշում եմ կայացրել ընդունել առաջարկը։ Թեև լքում եմ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքը, բայց Մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտակ Բեգլարյանը՝ չնշելով, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու, քանի որ դրա մասին կհայտարարի Արցախի նախագահը։

«Առաջին հերթին կարճաժամկետ ճգնաժամային կառավարման հարցերով եմ զբաղվելու, քանի որ առկա իրավիճակում բավական շատ խնդիրներ պայմանավորված են նաև կառավարման բացերով ու սխալներով», - ասել է Արտակ Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 22-ին՝ նշելով, որ պաշտոնից ազատվելու պատճառը գործադիր իշխանությունում աշխատանքի անցնելն է: 

--00—ԼՄ