Պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը, և դրանց հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի։ Սա հանրային համերաշխություն ձևավորելու մեխանիզմ է»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանավեճը հետևյալի մեջ է՝ ով պետք է որոշի իշխանության ճակատագիրը։ Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը: Նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն»,- ասել է նա:

Վարչապետն անդրադարձել է հարցին` ժողովուրդը վստահում է կառավարությա՞նը, թե՞ ընդդիմությանը, նաև խոսել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, Սյունիքի տարածքների հանձնման հետ կապված լուրերի մասին:

«Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում, որ այդտեղ պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնել։ Այն ժամանակ, որ պարզ է եղել՝ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ պատերազմ, որ կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է` եռակողմ այտարարության մեջ Սյունիք, Մեղրի, միջանք արտահայտություններ չկան։ Հարցին` ո՞րն է կարմիր գիծը Ադրբեջանի սահմանազատումների ընթացքում, նա պատասխանել է.

«Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է։ Երեկ Վերին Լարսը փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար։ Եթե պարզվի, որ կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ ՌԴ-ի, Իրանի հետ Նախիջևանով, դա մեզ համար լավ նորություն կլինի, թե՞ վատ։ Մենք ո՞նց ենք պատկերացնում, մենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով պիտի գնանք ՌԴ, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան»:

Ամբողջությամբ` տեսանյութում:

--00--ԱԹ