Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News

քաղաքական

Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները, Ռիա «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր շուկայի խորքը, ինչը նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է:

Բալասանյանը հայտարարել է, որ շփման գծում ևս պարբերաբար խախտումներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը փորձում է սադրիչ գործողություններ հրահրել,  մինչդեռ Արցախի Պաշտպանության բանակը չի տրվում սադրանքների:

«Բոլոր գրանցված խախտումների մասին տեղյակ են պահում ռուս խաղաղապահ ուժերին, բարձրացված հարցերին առայժմ մասնակի են լուծումներ տրվում, սակայն այդ ուղղությամբ դրական տեղաշարժ կա»,- հայտնել է Վիտալի Բալասանյանը:

--0--ԿԿ