Իմքայլականները շաբաթ-կիրակին կանցկացնեն Աղվերանում. նրանց կմիանա նաև վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

իմքայլական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջիկա շաբաթ-կիրակի օրերին Աղվերան են մեկնում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը` հղում անելով իր աղբյուրներին: Պատգամավորները «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում կքննարկեն ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցը: Կիրակի քննարկումներին կմիանա նաև վարչապետը:

Խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանից կայքը հետաքրքրվել է՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նման հանձնաժողով ձեւավորելու հարց է քննարկվում:

«Այո, շրջանառության մեջ նախագիծ կա դրված»,- պատասխանել է պատգամավորը: Հարցին՝ դա քննարկելու են Աղվերանո՞ւմ, Կարապետյանը պատասխանել է.

«Ես նման հարց չեմ կարող մեկնաբանել»:

Շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում նշվում է, որ նախագծի ընդունման պարագայում Էթիկայի հանձնաժողով կձեւավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում:

7-րդ գումարման ԱԺ-ում դեռ էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել, չնայած որ պարբերաբար տեղի են ունեցել պատգամավորական էթիկայի կանոնների առնվազն առերեւույթ խախտումներ:

Որպես համապատասխան նախաձեռնությամբ հանդես չգալու պատճառ նշվել են օրենսդրական կարգավորումները՝ համաձայն որոնց էթիկայի հանձնաժողով կարող է ձեւավորվել, եթե որեւէ խմբակցություն կոնկրետ դեպքի առիթով հանդես գա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: 

«Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման պրակտիկայի փաստացի բացակայությունը պայմանավորված է էթիկայի հանձնաժողով նախաձեռնելու կարգավորումների սահմանափակող եւ գերքաղաքականացված բնույթով: Ընդ որում առկա չեն անհրաժեշտ մանրամասնությամբ կարգավորումներ, թե ինչ չափանիշներով եւ ընթացակարգերով պետք է սկսվի, ընթանա եւ ավարտվի հարցի քննարկումը: Վերջիվերջո գործող կարգավորումներով հանձնաժողովի եզրակացությունը որեւէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում եւ ընդամենը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»,- ասվում է Իմ քայլի պատգամավորների հեղինակած նախագծի հիմնավորման մասում:

Ազգային ժողովի նախագահը էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կկիրառի առաջարկվող կարգապահական միջոցը: Այդպիսի միջոցներ են հրապարակային նկատողությունը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկումը մինչեւ յոթ օրով: Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունները կհրապարակվեն Ազգային ժողովի նիստում:

Փոփոխությունների արդյունքում էթիկայի հանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները կունենան հավասար անդամներ: Էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած նախագահները: Հանձնաժողով կկարողանա դիմել յուաքանչյուր ոք:

Նախագծից հասկացվում է, որ իշխանական խմբակցությունը մտադիր է էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնել: Գործող Սահմանադրությամբ դա արգելվում է: Ուստի, խմբակցությունը Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ունենալու սահմանադրական սահմանափակումները վերանայելու առաջարկը արդեն ուղարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

--00--ԱԹ