ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այսօր դեսպանատան առջև տեղի ունեցավ հերթական ցույցը` հայ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու պահանջով:
Մենք լիովին հասկանում և կիսում ենք այն ընտանիքների վիշտը և անհանգստությունը, որոնց հարազատներն ու ընկերները դեռ տուն չեն վերադարձել: Մենք տեղյակ ենք առկա իրավիճակի սրության և զգայունության մասին: Սա իսկապես մարդկային մեծ ողբերգություն է:
Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ռուսական խաղաղապահ զորամիավորումը և Մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնը, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ սերտ համաձայնեցմամբ, անմիջականորեն, ուղղակի կերպով մասնակցում են այդ սուր խնդրի լուծմանը:
Իհարկե, ցանկալի կլիներ, որ գործընթացն ավելի արագ տեմպերով առաջ շարժվեր, բայց, հավատացեք, իրականացվում է համառ, տքնաջան և շատ բարդ աշխատանք: Ռուսական կողմի միջնորդական ջանքերի տեսանելի արդյունքը, մասնավորապես, երեկ ՝ փետրվարի 9-ին, եւս 5 մարդու վերադարձն է Հայաստան»:
Դեսպանատունը նշել է, որ զարմանք է առաջացնում, թե ինչու փետրվարի 9-ին 5 հայ գերիների վերադարձից հետո հանրահավաք իրականացվեց դեսպանատան առջև:
«Ակամայից հարց է առաջանում ՝ որո՞նք են դիվանագիտական առաքելության դիմաց նման գործողությունների կազմակերպիչների իրական նպատակները»,- ասված է հայտարարության մեջ:
--00--ԱՀ