Ժնևում ՀՀ նախաձեռնությամբ կայացել է Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված հանդիպում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News   

ՄԱԿ

Փետրվարի 10-ին Ժնևում տեղի ունեցավ Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) միջնստաշրջանային հանդիպումը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից՝ համանուն բանաձևով: 

Մեկօրյա հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ՄԻԽ նախագահ Նաժատ Շամիմ Խանը, ՄԱԿ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն: Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ երկրների, միջազգային կառույցների, ակադեմիական շրջանակների և ոչ կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Մասնակիցների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի առաջնորդությունը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում: 

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Հայաստանը նախաձեռնեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ առաջին բանաձևը և լծվեց Ցեղասպանության Կոնվենցիայի, մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման գործին։ 

Նա շեշտեց, որ մեր տարածաշրջանում սանձազերծված վերջին բռնությունները հիշեցրին պատմական ոճրագործությունների սարսափները՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով այն մարտահրավերներն ու ձախողումները, որոնց բախվում են միջազգային մեխանիզմները նման հանցագործությունները կանխարգելելու գործում։ Ինչպես նշվում է ՀՀ կողմից հեղինակած և 2020թ. հունիսին միաձայն ընդունված ՄԻԽ 43/29 բանաձևը, նախկինում տեղի ունեցած ցեղասպանություններն արդարացնելու կամ ժխտելու փորձերը սպառնում են ոճրագործությունների կրկնությամբ: 

Հայկական կողմից ընդգծվեց նաև կանխարգելման գործում պետությունների պատասխանատվության խնդիրը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ազատ և անկախ լրատվամիջոցների դերակատարությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը հասանելի է հետևյալ հղումով

--00—ՄՀ