Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կանցկացվի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

եկեղեցի

Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:

«Եկեղեցում կանցկացվի հոգեհանգստի արարողություն, որից հետո ներսում կլինի փոքրիկ համերգ՝ դուդուկահար Լևոն Մինասյանի և ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի մասնակցությամբ»,- ասաց Գասպարյանը:

Անի Գասպարյանը նշեց, որ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված խաչքարի մոտ քաղաքացիները հնարավորություն կունենան ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սուրբ Հակոբ եկեղեցու առջև տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի հայերի պատմության հանրագիտարանի ներկայացումը: 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ-շվեցարական միությունը և Հայ առաքելական Սուրբ եկեղեցին:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

--00—ՄՀ