ՀՀ-ն կշարունակի առաքելությունը Սիրիայում․ դա մեր պարտքն է․ Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

խաղաղապահներ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում և մարդասիրական առաքելություն Սիրիայում:

«Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ այո: Իրականում դա հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այսօր համաշխարհային ահաբեկչությանը դիմակայելու առաջնագծում է, և հաշվի առնելով երկրում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը, մեր պարտքն է նրանց ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն: Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անշուշտ կշարունակվի, և պետք է նշեմ, որ, նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ ծանր պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»,- մանրամասնել է նախարարը:

Հարությունյանը նշել է, որ  ՀՀ-ն նախատեսում է անձնակազմի հաջորդ ռոտացիան իրականացնել փետրվարի վերջին:

«Ինչ վերաբերում է հայկական կողմի մասնակցությանը միջազգային այլ առաքելություններին, ապա իրավիճակը հետևյալն է՝ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր) ընդգրկված է 33 հայ զինծառայող, իսկ ՄԱԿ-ի Մալիի բազմաչափ ինտեգրացված կայունացման առաքելության (ՄԻՆՈՒՍՄԱ)-ի կազմում`1 զինծառայող:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մենք համաձայնության ենք եկել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ազգային խաղաղապահ զորակազմի (121-ից 58 զինծառայող) և Կոսովոյում (40-ից 2 զինծառայողի) զգալի կրճատման մասին»,- հավելել է Հարությունյանը։

 --00—ՄՀ