Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

99

Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Սիրիայի խորհրդարան /Ժողովրդական Ժողով/ և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: Այս մասին հայտնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանն նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:

Այս լույսի ներքո, դեսպան Տ. Գևորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բերակամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրարելու վերջինիս քայլերին: Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:
Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել՝ Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին:

 --00—ՀԶ