ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միշտ Լաչինով են եկել Արցախ. հիմա Ադրբեջանը չի թողնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

էդմոն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կա, սակայն համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մինչ օրս համանախագահները Լաչինով են այցելել Արցախ, հիմա Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասում է` Աղդամով այցելեք, այլ ճանապարհներով: Այդ խումբը կա, բայց կկարողանա՞ գործել, թե՞ ոչ, կախված է նաև մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից: Այսօր Հայաստանն այդպիսին չունի, ՀՀ արտաքին քաղաքականությունը «կուչուհուպ եկած» քաղաքականություն է, որը ես քաղաքականություն էլ չէի անվանի»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, թե մեր արտաքին քաղաքականության տապալման արդյունք է, որ պատերազմը սկսվել է: 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ամբողջ հույսը դնել, սպասել, որ նա մեր խնդիրները լուծելու է, դա էլ է աբսուրդ: Մենք մեր խնդիրները բարդել ենք Մինսկի խմբի վրա, հույս ունեցել, որ նա մեր խդիրները պիտի լուծի: Սյունիքում բրիգադները կրճատում էին, ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ն էին սպասում: ԶՈւ քանակը նվազեցնում էին, հույս ունեին, որ համանախագահներն իրենց տեղը գալու են, կռվե՞ն»,- ասաց պատգամավորը: 

Մարուքյանի համոզմամբ` պետք է ազատվել ապաշնորհությունից, հաշտ-համերաշխ, պրոֆեսիոնալ մարդկանցով երկիրը վերականգնել.

«Այդ ներուժն ունենք, ձևերն էլ գիտենք, բան չի մնացել, որ այդ պրոցեսը սկսվելու է»:

--00--ԱԹ