Արցախի ԱԳ փոխնախարարը կոչ է անում անտարբեր չմնալ Ադրբեջանի գործողությունների հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

ԱՀ ԱԳ փոխնախարար

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, թե որքան լուրջ է իրավիճակն Արցախում և ինչպիսի ողբերգական հետևանքներ է թողել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իտալական ASRIE Analytica-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

«Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ միջազգային կազմակերպությունն է, որը գործում է մեր տարածաշրջանում՝ առաջին օգնություն և աջակցություն ցուցաբերելով քաղաքացիներին: Հանուն Արցախի և ողջ մարդկության ապագայի՝ ավելի մեծ թվով միջազգային կազմակերպություններ պետք է ներգրավվեն՝ ոչ միայն օգնություն և աջակցություն տրամադրելու համար, այլև ականատեսը լինելու ու արձանագրելու պատերազմական հանցագործություններն ու մարդու իրավունքների խախտումները»,- ասել է Ալեքսանյանը:

Նա հայտնել է, որ Ադրբեջանն այժմ քայլեր է ձեռնարկում՝ վերացնելու հայկական պատմական ու մշակութային անցյալը՝ ոչնչացնելով եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ ողջ աշխարհն անտարբերություն է դրսևորում: «Բոլորը պետք է տեղյակ լինեն այս ամենից, քանի որ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր ժողովրդի ու երկրի հետ, ապագայում կարող է կրկնվել աշխարհի մեկ այլ հատվածում՝ հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը փակել է աչքերը և Բաքվի ղեկավարությունը պատասխան չի տվել իրականացրած կոտորածների ու մարդու իրավունքների ոտնահարումների համար»,- նշել է Արցախի փոխարտգործնախարարը:

Նա 2020 թվականի պատերազմում հատկապես ընդգծել է Թուրքիայի ունեցած դերակատարությունը, որը հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին՝ պատճառ դառնալով հազարավոր մարդկանց մահվան ու տասնյակ հազարավորների տեղահանման համար:

Արմինե Ալեքսանյանն ընդգծել է, որ պատերազմից հետո էլ Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցրել ռազմական հռետորաբանությունը, իսկ նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հանդես է գալիս ազգայնական ելույթներով՝ հիմնված հայատյացության վրա ու առաջ մղելով պանթյուրքիստական ու պանիսլամիստական գաղափարախոսությունները:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս