Սուրենավանի վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

սուրեն

Սուրենավանում ավտովթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Ըստ նրա՝ տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:

Ըստ Գևորգ Դերձյանի՝ նա վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտությունները:

Ըստ ոստիկանության՝ հունիսի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմանում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վթարը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ: Երեխան, որը գտնվել է «ՎԱԶ-2121» մեքենայի ղեկին, բախվել է «Տոյոտա Լանդ Քրուիզերին»:

Անդրադառնալով այս տեղեկությանը՝ Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը «armtimes.com»-ին հայտնել էր, որ Պապիկյանը ո՛չ մեքենայի ղեկին է եղել, ո՛չ մեքենայում։

--00—ԼՄ