Չեք հոգնե՞լ աղմուկ-աղաղակներից, թքախառը ճղճղոցներից, փնթի հարայ-հրոցից. Վանեցյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

«Եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից, եկեք ընտրենք հաղթանակները։ Եկեք մերժենք սուտը ու ապրենք մարդավայել՝ իրար հարգելով»,- նախընտրական քարոզչության վերջին օրը ուղերձով հանդես է եկել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ 

Վանեցյանը կոչ է արել դուրս հանել չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանլ՝ ո՞նց ենք դուրս գալու այս ավերակներից։

«Հայաստանցիներ՝ դուք չեք հոգնե՞լ աղմուկ աղաղակներից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից։ Դուք չեք զզվե՞լ։ Եկեք լռեցնենք գժվացնող աղմուկը ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելն ու հանգիստ մեր շահերն առաջ տանելը։ Եկեք լավ ապրելու մասին հեքիաթները տանք հեքիաթասացի գլխին ու խելքով իրական, լավ կյանք ստեղծենք բոլորի համար»։

Վանեցյանը հորդորել է նաև միասին շրջել ամբարտավան, դատարկ անկարողների էջը և ընտրել պրոֆեիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը։

«Դուք չեք սարսափո՞ւմ անպաշտպան լինելու մշտական զգացումից, ո՞նց ենք մեր զավակներին մեծացնելու, մեր ծնողների հանգիստն ապահովելու այս անտերության մեջ, թշնամու հետ միջանցիկ սահմանների ու մայրքաղաքի կենտրոնում զինված ռազբորկաների պայմաններում։

Եկեք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգությունը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը դարձնենք աշխարհի ամենաապահովներից մեկը։ Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարը իրենց բթամիտ կապիկություններով ջարդողներին ու կրկին դարձնենք մեր սահմանները անառիկ, իսկ հայրենիքի պաշտպանին՝ հպարտ ու բաց ճակատ։ Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արնահոսող մեր տունը, մեր հայրենիքը փրկենք։ Նա մեզ երբեք առիթ չի տվել իր հետ այսպես վարվելու։ Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը սա է, մեր տունը միայն սա է։ Եկեք վերադարձնենք մեր ժպտացնող, ջերմացնող, երիտասարդ Հայաստանը, մեր սերը, մեր օջախը, մեր պատիվը»։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս