ՌՀՄ-ն պիտակավորելու անհաջող փորձեր են. մենք շնորհավորանքներ ենք հղել ՀՀ բոլոր ղեկավարներին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Արա Աբրահամյան

ՌՀՄ մամուլի ծառայության մեկնաբանությունը «Абрикос NEWS» տելեգրամյան ալիքի՝ հանրությանը մոլորեցնող, «աղմկահարույց» հրապարակումների վերաբերյալ.

«Վերջին շրջանում լայն տարածում գտած՝ ընթերցողին մոլորության մեջ գցող, մակերեսային, «սենսացիոն» գրառումներով հանդես եկող և, որպես կանոն, անհայտ անձանց պատկանող Telegram-ալիքների շարքում է նաև «Абрикос NEWS»-ը:

Հետևելով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի անկախ վարքագծին և, ըստ երևույթին, նախանձով արձանագրելով, որ նա, ի տարբերություն այս և նմանատիպ տեղեկատվական ալիքների հեղինակի և այլ անհատների, մշտապես բաց և հրապարակային արտահայտել և արտահայտում է իր կարծիքը, սույն ալիքի անանուն հեղինակը, պարբերաբար, ՌՀՄ-ն պիտակավորելու անհաջող փորձեր է անում:

«Абрикос NEWS»-ը որպես բացթողում է ներկայացնում Ռուսաստանի հայերի միության անունից ՀՀ ընտրված առաջնորդին՝ Ն.Փաշինյանին ուղղված շնորհավորանքը և Աննա Հակոբյանի հետ ՌՀՄ անդամ Արտյոմ Վարդանյանի անձնական հանդիպումը:

Նշյալ ՏԱ-ի հեղինակն ու մի շարք այլ «բազմոցային վերլուծաբաններ», ապատեղեկատվություն տարածելուց և ՌՀՄ հաշվին ինքնահաստատվելուց առաջ, նախ պետք է կարդան շնորհավորանքի տեքստը, որը հստակ արտահայտում է կազմակերպության այն դիրքորոշումը, որ համազգային խնդիրների կարգավորման հարցերում նոր կառավարությունը պարտավոր է առաջնորդվել բացառապես հայ ժողովրդի և Հայաստանի շահերով:

Երկրորդ՝ Ռուսաստանի հայերի միությունը, որպես սփյուռքի խոշորագույն կազմակերպություն, որն ունի տարածաշրջանային լայն ցանց Ռուսաստանի Դաշնության ավելի քան վեց հարյուր քաղաքներում, ներկայացուցչություններ Հայաստանում և Արցախում, հայկական պետականությանը վերաբերող հարցերում, առաջնորդվում է ոչ թե անձնական համակրանքով կամ հակակրանքով, այլ քաղաքակիրթ աշխարհում ընդունված արարողակարգային նորմերով:

ՌՀՄ-ն պաշտոնական շնորհավորանքներ է հղել Հայաստանի և Արցախի բոլոր ընտրված ղեկավարներին՝ առանց բացառության: Պետության ղեկին այս կամ այն անձի լինելը չի կարող պատճառ դառնալ, որպեսզի Ռուսաստանի հայերի միությունը խուսափի կյանքի կոչել Հայաստանի և Արցախի բնակչությանն աջակցելուն, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, սփյուռքի հետ կապերի բարելավմանն ուղղված բազմաթիվ նախագծերը:

Սփյուռքի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն որևէ կերպ նպաստելու Հայաստանի քաղաքացիների բարեկեցությանը, պարտավոր են առաջնորդվել հենց այս սկզբունքով: Պետք չէ նմանվել անանուն «վերլուծաբաններին», որոնք ոչինչ չեն արել հանուն Հայրենիքի, փոխարենը փորձում են հանրության ուշադրությունը գրավել կեղծ սենսացիաներով:

Հարկ է նշել, որ նման տեղեկատվական ռեսուրսներն ու դրանց հովանավորները, խաղալով Հայաստանի թշնամիների դիրքերից, վերջին տարիներին անընդհատ ցեխ են շփել ՌՀՄ-ի վրա, այսպես կոչված հեղափոխության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ կազմակերպության համարձակ, հրապարակային հայտարարությունների և դիրքորոշման համար: Եվ սա այն դեպքում, երբ ՌՀՄ-ն բազմիցս բացահայտ զգուշացրել է հնարավոր վտանգերի մասին, իսկ պատերազմի առաջին օրերից օգնություն է հասցրել Արցախ:

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հետ Արտյոմ Վարդանյանի հանդիպմանը, ապա, ՌՀՄ բազմաթիվ ներկայացուցիչներ հանդիպել և հանդիպում են Հայաստանի տարբեր կառույցների ղեկավարների հետ` քննարկելու հանրային նշանակության բազմաթիվ հրատապ հարցեր, այդ թվում` բարեգործական: Աննա Հակոբյանի կողմից իր էջում գովազդված հանդիպումը բարեգործական հիմնադրամի գործունեությանն առնչվող մասնավոր նախաձեռնություն էր:

Անանուն Telegram-ալիքներն ու ՌՀՄ մյուս «քննադատներն» ավելի լավ է հետևեն Ռուսաստանի հայերի միության օրինակին (որը երկու տասնամյակից ավելի հսկայածավալ անշահախնդիր աշխատանք է կատարում. իրականացնում է նախագծեր, օգնում հայրենակիցներին, փրկում մարդկանց, ուսանողական կրթաթոշակներ է տրամադրում և այլն)՝ զբաղվեն հանրության համար օգտակար գործով և զերծ մնան ընթերցողին մոլորեցնող, ակնհայտ կեղծ ու պատվիրված տեղեկատվություն տարածելուց»:

--00--ԱԹ