Ինչո՞ւ, ինչո՞վ եք ՌԴ մեկնում, էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել. Աբրահամյանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

1

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին:

Ըստ Արա Աբրահամյանի՝ այդ փաստաթուղթը, որ հրապարակել է սոցցանցում Փաշինյանը, հայոց պետականությանն ու մեր ժողովրդին վնաս հասցնող հայտարարության «առաջնահերթ» կետերն են, որոնք, ըստ երեւույթին, նոր համաձայնագրի հիմքը կդառնան:

Արա Աբրահամյանը թվարկել է նաև այն հարցերը, որոնք մտահոգում են իրեն:

«Ինչո՞ւ և ինչո՞վ եք Դուք հիմա Ռուսաստան մեկնում: Էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել, ինչի՞ շուրջ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Ինչո՞ւ եք այդքան շահագրգռված շուտափույթ ամեն ինչ հանձնելու հարցում, էլ ի՞նչ կարող եք անել: Ո՞ւմ և ինչո՞վ եք այդքան պարտական, որ պատրաստ եք դիմանալ բոլոր նվաստացումներին և լկտի հարձակումներին Ալիևի կողմից: Ինչո՞ւ չեք կարող կանգնեցնել և կասեցնել Հայաստանը կործանող սցենարը՝ չնայած Հայաստանի և Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգևոր առաջնորդների Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների, սփյուռքի կոչերին:

Ինչո՞ւ Դուք, հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն, նախքան Ադրբեջանը կկատարի Բաքվի կողմից պատանդ պահված հայ գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետը, հանկարծ մեր հասարակության համար կարեւորագույն հարցը կապում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կենսական եւ Հայաստանի համար երկրորդական նշանակություն ունեցող «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ:

Կա՞ արդյոք Արցախի կարգավիճակի հարցը Ձեր բանակցությունների և համաձայնությունների օրակարգում»-գրել է Արա Աբրահամյանը, ապա կարծիք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ներկայացնել հայերին և Հայաստանի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել:

«Քանի որ Դուք արդեն երկու ամիս է՝ Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս եք գործում և ոչ մի կապ չունեք ո՛չ պետության, ո՛չ ժողովրդի հետ, որի անվան տակ դեռ փորձում եք թաքնվել՝ շրջապատելով Ձեզ զինված թիկնապահների խիտ շղթաներով»,-գրել է Աբրահամյանը և հիշեցրել, որ այսօր պահպանության և պաշտպանության կարիք ունեն Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները:

Արա Աբրահամյանը գրառումն ավարտել է՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին. «Պարո՛ն Փաշինյան, եթե այս հարցերի պատասխանները Դուք չունեք, ապա անիմաստ է գալ Մոսկվա և նյարդայնացնել եւ նվաստացնել Ռուսաստանի 3 միլիոնանոց հայկական համայնքին ձեր այստեղ հայտնվելով: Ռուսաստանի հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը»:

--00—ԼՄ