USAID-ի ծրագրի շնորհիվ 150 ֆերմեր հնարավորություն կստանա վերամշակելու 30 հեկտար հող

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

կոլաժ

 

Վերջերս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի իրականացնողներն ու շահառուները Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում գործընկերների հետ նշեցին ոռոգման արդյունավետության բարձրացման ծրագրի ավարտը:

Մրգաշատն Արմավիրի մարզի ամենամեծ գյուղերից է՝ 5,500 բնակչությամբ։ Տեղացիների մեծամասնությունը զբաղվում է լոլիկի, ձմերուկի, սալորի, խնձորի և այլ մրգերի ու բանջարեղենի աճեցմամբ:

Գյուղը ոռոգման ջուր է ստանում երկու աղբյուրներից, բայց այն հազիվ բավականացնում էր հողերի ընդամենը մի մասը ջրելու համար։ Հին ու քայքայված ոռոգման ցանցի հետևանքով 20 տարի մոտ 30 հեկտար չի ոռոգվել։ Ջրի ավելի քան 80%-ն ուղղակի վատնվել է ճանապարհին՝ չհասնելով դաշտեր։

Գյուղատնտեսները տարիներ շարունակ բողոքում էին իրենց բերքն ու ներդրումները կորցնելու համար:

Ի պատասխան այդ ամենի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ԳԱՏՕ ծրագիրը բարձրացրեց համակարգի արդյունավետությունը՝ տեղադրելով պոմպերի կառավարման և բաշխիչ նոր ցանց՝ ջրի կորուստը կանխելու համար։

Ծրագրի շնորհիվ 150 ֆերմեր հնարավորություն կստանա վերամշակելու 30 հեկտար հող։ Արդյունքում՝ հնարավոր կլինի տարեկան տնտեսել 228,000խմ ջուր, որը համարժեք է օլիմպիական խաղերի ավելի քան 90 լողավազանի տարողության։ Այն կօգնի նաև նվազեցնել ճնշումը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրատարի վրա։

Ծրագրի շնորհիվ՝ ֆերմերները մեկ գյուղատնտեսական սեզոնում կնվազեցնեն էներգիայի սպառման վրա ծախսվող գումարը՝ մոտ 4,700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։

--00—ՄՀ