Ֆիննախը բարձր է գնահատել ՀՀ-ին ՉԺՀ կառավարության ցուցաբերած աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

հանդիպում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր՝ օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Դեսպանը նախ ողջունել է ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության ձևավորման փաստը, այնուհետև շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարարին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանի ֆինանսների նախարարության ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան համագործակցությունը շարունակական կլինի ու առավել արդյունավետ ընթացք կունենա:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքների կապակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս օրերին կառավարությունը քննարկում է հնգամյա գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի խորհրդարան քննարկման:

Նախարար Խաչատրյանը ներկայացնելով կառավարության ծրագրի ֆինանսատնտեսական հատվածի առանցքային կետերը, ընդգծել է, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ծագած մարտահրավերները ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում առաջացրել են նոր խնդիրներ:

«Այդ պայմաններում ֆինանսների նախարարության շատ կարևոր անելիքն ենք համարում պահպանել այն մակրոտնտեսական միջավայրը, որը կարող է նպաստել ժողովրդի բարեկեցությանը, ինչպես նաև տնտեսական աճի կայուն միջավայր ձևավորելուն», -ասել է նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությանը ՉԺՀ կառավարության ցուցաբերած աջակցությունը:

--00—ՄՀ