Կապան-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ. բանակցություններն այսօր ավարտվել են. Փարսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Փարսյան

Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակ հատվածները բացելու շուրջ եռակողմ բանակցություններն այսօր ավարտվել են, ճանապարհները շարունակում են փակ մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Թե որքան է հավանականությունը, որ բանակցություններն արդյունք կտան, և կհաջողվի բացել ադրբեջանցիների կողմից փակված կենսական նշանակության ավտոճանապարհները, Փարսյանը չի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

--00--ԱԹ