ԵՄ-ն կարող է դառնալ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ, եթե կողմերը ցանկանան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Վիկտորին

Եթե Հայաստանը և Ադրբեջանը ցանկանան, Եվրամիությունը պատրաստ է միջնորդ լինել Հայաստան- Ադրբեջան բանակցություններում։ Ինչպես հայտնում է A1plus-ը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Խաչիկ գյուղում լրագրողների հետ զրույցում միաժամանակ հիշեցնում է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Եվրամիությունը պատրաստ է նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, և կրկին՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։

«Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք Եվրամիությանը չեն մտահոգում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, դեսպանը պատասխանեց՝ չի կարող չմտահոգել, քանի որ այն վերաբերում է մարդկանց կյանքին։

Հիշեցնենք, որ հունիսին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը այցելել էր  Սյունիքի մարզ՝ գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։

«Ա1+»-ի մյուս հարցին՝ ինչպես է գնահատում փաստը, որ Հայաստանում վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ, դեսպանը նշեց՝  հետեւելու  են գործընթացներին։ Նա վստահեցրեց, որ իրենք կարևորում են խոսքի ազատությունը եւ լրատվամիջոցների անկախությունը և շարունակելու են կարեւորել։

--00--ԱԹ